Saturday, February 23, 2013

Իտալական լազանյա

Իտալական լազանյա
Բաղադրիչները՝ 
8 անձի համար


 լազանյայի շերտեր  400 գ. 
 քերած պարմեզան պանիր  100 գ. 
 իտալական ռագու սոուս, որի համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

 գլուխ սոխ  1 հատ
 գազար → 1 հատ միջին չափսի
 նեխուր  1 ցողուն
 տավարի միս  500 գ.
 իտալական պոմիդորի սոուս (passata di pomodoro)  250 գ. (կամ 30 գ. տոմատի մածուկ 250 մլ. տաք ջրով բացած)
 եռացրած ջուր  250 մլ.
 կարմիր գինի  1 բաժակ
 ձիթապտղի յուղ  2 ճ. գդալ
 աղ և սև պղպեղ  ըստ ճաշակի
 Բեշամել, որի համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

 կաթ  400 մլ.
 կարագ  40 գ.
 ալյուր  40 գ.
 աղ  մի պտղունց
 մշկընկույզ  մի պտղունց
Ինչպես պատրաստել ռագուն

1
2
3

Ռագուն պատրաստելու համար սկզբում մաքրել և լվանալ գազարը, նեխուրը և սոխը (1)։ Գազարն ու նեխուրը լայն քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել (2)։ Խորը կաթսայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը (3)։


4
5
6

Ավելացնել մանր կտրատած սոխը, գազարն ու նեխուրը (4) և թույլ կրակի վրա տապակել մի քանի րոպե՝ ուշադրություն դարձնելով, որ սոխը չայրվի, այլ պարզապես գույնը փոխի և դառնա թափանցիկ։ Այնուհետև ավելացնել տավարի միսը (5) և շարունակել եփել մինչև միսն ամբողջությամբ գույնը կփոխի (6)։


7
8
9

Ստացված զանգվածի վրա լցնել մեկ բաժակ գինին և շարունակել եփել մինչև գինու ամբողջովին գոլորշիանալը (7), որից հետո համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել պոմիդորի սոուսը (8), եռացրած ջուրը և թողնել, որ թույլ կրակի վրա եփի մոտ մեկ ժամ։ Եփելու ընթացքում ժամանակ առ ժամանակ խառնել սոուսը, որպեսզի այն չկպչի կաթսայի հատակին (9)։


Ինչպես պատրաստել բեշամելը

10
11
12

Կաթսայի մեջ լցնել կարագը և դնել կրակի վրա (10)։ Հենց սկսի հալվել, ավելացնել նաև նախօրոք ցանցի միջով անցկացրած ալյուրը և անընդհատ խառնելով եփել 2-3 րոպե (11)։ Ավելացնել գոլ կաթը և շարունակել անընդհատ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան (12)։ 


13
14
15

Այնուհետև ավելացնել աղն (13) ու մշկընկույզը (14) և թույլ կրակի վրա եփել մինչ պնդանալը, մոտ 10-15 րոպե։ Եթե վերջում այնուամենայնիվ գնդիկներ առաջանան, կարող եք անցկացնել մաղի միջով (15)։


Լազանյայի պատրաստման վերջին փուլը

16
17
18

Այժմ երբ ռագուն և բեշամելը պատրաստ են, եռացող ջրի մեջ 2-3 րոպե եփել լազանյայի շերտերը, քամել և շարել մաքուր սրբիչի վրա, որպեսզի չորանան։ Այնուհետև լազանյայի համար նախատեսված թավայի հատակին լցնել մի քիչ ռագու և մի քիչ բեշամել (16) և շարել լազանյայի առաջին շերտը (17)։ Վրան նորից լցնել ռագու, բեշամել և պարմեզան և շարել հաջորդ շերտը (18)։


19
20

Այսպես շարունակել դասավորել նաև մնացած շերտերը։ Այս բաղադրատոմսով ձեզ մոտ 4-5 շերտ կստացվի։ Ամենավերջին շերտի վրա լցնել ռագուն, բեշամելը և պարմեզանով ծածկել ամբողջ մակերեսը (19)։ Տեղադրել թավան նախօրոք մինչև 180 աստիճան տաքացված վառարանի մեջ և եփել 40-45 րոպե։ Հանել վառարանից, թողնել 10 րոպե և ապա կարող եք մատուցել (20)։



No comments:

Post a Comment