Monday, March 4, 2013

Պաննա կոտտա



Բաղադրիչները՝
4 անձի համար

սերուցք 500 մլ. (թարմ, 25% կամ ավելի յուղայնությամբ) 
շաքարավազ 120 գ. 
վանիլին 1 տուփ 
ժելատին 10 գ. (փոշի) 
հատապտուղներ և ջեմ զարդարելու համար 

Ինչպես պատրաստել

1
2
3

Սերուցքը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին։ Ավելացնել շաքարավազը (1), վանիլինը (2) և անընդհատ խառնել, որպեսզի շաքարավազը հալվի։ Ես օգտագործել եմ վանիլային էքստրակտ (հեղուկ վանիլին), որի փոխարեն կարելի է օգտագործել վանիլինի փոշին։ Երբ խառնուրդը մոտենա եռալու պահին, ավելացնել ժելատինը (3), հանել կրակից և շարունակել անդադար խառնել մի քանի րոպե, որպեսզի ժելատինը ամբողջությամբ լուծվի։ Ուշադրություն դարձրեք, որ սերուցքը չպետք է եռա, այլ մոտենա եռալուն։


4
5
6

Այնուհետև հավասարաչափ լցնել նախատեսված 4 բաժակների մեջ (4), դնել սառնարան և թողնել առնվազն 8 ժամ, որպեսզի պնդանա։ Մատուցելուց առաջ հանել սառնարանից, բաժակից հեշտությամբ հանելու համար մի քանի վայրկյան մտցնել եռացրած ջրի մեջ (5)՝ ուշադրություն դարձնելով, որ ջուրը չլցվի բաժակների մեջ, որից հետո շուռ տալ մատուցման ափսեի մեջ (6)։


7

Զարդարել ջեմով և ձեր նախընտրած հատապտուղներով և մատուցել (7)։



Խորհուրդներ

Փոշի ժելատինը բավական դժվար է լուծվում։ Եթե ժելատինը սերուցքին ավելացնելուց հետո ձեզ չհաջողվի մի քանի րոպեի ընթացքում անընդհատ խառնելով այն լուծել, ապա կարող եք բաժակների մեջ լցնել մաղի միջով։

Քանի որ պաննա կոտտան պետք է բավական երկար ժամանակ մնա սառնարանում, կարելի է այն պատրաստել երեկոյան և ամբողջ գիշեր թողնել սառնարանում։



No comments:

Post a Comment